Աշխարհագրական դիրքը
Հայաստանն ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք՝ այն գտնվում է Եւվրոպայի և Ասիայի միջև և ունի 4 հարևան երկիր՝ հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, և արևմուտքից՝ Թուրքիային: Աշխարհագրական դիրքից ելնելով՝ չունի ելք դեպի ծով, սակայն հարուստ է լեռնահանքերով և հանքային ջրի պաշարներով: Սևանա լիճը՝ բացի այն, որ աննկարագրելի գեղեցկություն ունի, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է համարվում:
Մայրաքաղաքը և այլ քաղաքներ
Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, ավելի քան 2800 տարեկան է: Այն հիմնադրվել է մ․թ․ա 782 թ․-ին Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Լինելով լեռնային երկիր և հարուստ լինելով տուֆով՝ քաղաքի շենքերը մեծամասամբ կառուցված են հենց այս վարդագույն քարատեսակից, որի շնորհիվ Երևանը հաճախ անվանում են «Վարդագույն քաղաք»: Հենց մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի բնակչության մոտ 1/3-ը (1 միլիոն): Բաժանված է 10 մարզի, խոշոր քաղաքներից են Գյումրին և Վանաձորը:
Հայ Առաքելական եկեղեցու նստավայրը գտնվում է Էջմիածին քաղաքում, որն իր հերթին համարվում է Հայաստանի հոգևոր կենտրոնը:
Իսկ ահա Գորիս քաղաքում կարող եք գտնել աշխարհի ամենաերկար ուղևորատար ճոպանուղին՝ «Տաթևեր»-ը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
Որպես զբոսաշրջային քաղաքներ աչքի են ընկնում Ծաղկաձորը, Գառնին, Գեղարդը, Ջերմուկը, Դիլիջանը, Արզնին՝ հարուստ հանքային աղբյուրներով և գեղատեսիլ վայրերով:
Տեղի բնակչությունը և Սփյուռքը
ՀՀ բնակչության թիվը հասնում է մոտ 3 միլիոնի, որի 97%-ը հայեր են: Պաշտոնական լեզուն հայերենն է, բայց մեծամասնությունը խոսում և հասկանում է նաև ռուսերեն լեզուն:
Հայաստանի մասին խոսելիս, անշուշտ պետք է նշել նաև սփյուռքի դերը, որը շատ մեծ դեր է խաղում երկրի կյանքում: Վերջին հաշվարկներով հայկական սփյուռքը կազմում է Հայաստանի բնակչության ավելի քան կրկնապատիկը: Այս փաստը բացատրվում է նրանով, որ 1915 թ․-ի Հայոց ցեղասպանության հետևանքով, մոտ 500․000 հայ սփռվել է ողջ աշխարհով մեկ՝ այսպիսով մեծացնելով սփյուռքի քանակը:
Խոշոր հայ համայնքները կենտրոնացած են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և Ֆրանսիայում: Սփյուռքը թե տնտեսական և թե քաղաքական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին։
Պատմամշակութային փաստեր
Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն երկրներից մեկը, որը բազմաթիվ դարերի ընթացքում կարողացել է պահպանել իր մշակույթն ու ավանդույթները:
Ամենակարևոր փաստերից մեկը արժանի հիշատակության այն է, որ համարվում է առաջին երկիրը, որը ճանաչել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ․-ին:
Երկրի խորհրդանիշներից մեկն է համարվում բիբլիական Արարատ լեռը, որի վրա կանգ է առել Նոյի տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո:
Հայկական արտադրության բազմաթիվ ապրանքներ կան, որոնք միջազգային շուկայում վայելում են մեծ
համբավ: Օրինակ՝ Ուինսթոն Չերչիլի սիրված խմիչքը՝ հայկական կոնյակը, հայտնի է ամբողջ աշխարհում և մեծ պահանջարկ է վայելում կոնյակի իսկական գնահատողների մոտ: Կոնյակի արդյունաբերությունն այստեղ սկսվել է դեռևս 1887 թ․-ից:
Հայկական հացը՝ լավաշը, 2014 թ․-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցանկում: Այն բարակ բլիթի տեսք ունեցող ցորենի ալյուրից պատրաստված հաց է՝ տարածված ողջ Կովկասի շրջանում:
Գրավիչ փաստերի դասին կարող ենք դասել Հայաստանի՝ շախմատի գերտերություն լինելու փաստը: Այն Հայաստանում հայտնի էր դեռևս 9-րդ դարում: Ժամանակակից Հայաստանում 2011 թվականից, սկսած առաջին դասարանից, դպրոցականներն ուսումնասիրում են շախմատը որպես պարտադիր առարկա։
Հայերը, լինելով երգ ու երաժշտության, արվեստի գնահատողներ, պատմության մեջ իրենց հետքն են թողել ստեղծելով բազում մշակութային իրեր: Դուդուկը՝ հայկական ամենահին երաժշտական գործիքը, ավելի քան 1900 տարվա պատմություն ունի, որը պատրաստվում է ծիրանենուց: Այդ իսկ պատճառով երբեմն այն անվանում են նաև ծիրանափող: Դուդուկն ունի ջերմ և մեղմ ձայն և ամբողջովին արտահայտում է հայ ժողովրդի զգացումներն ու հույզերը:
Կառավարությունը
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, կառավարման համակարգը՝ խորհրդարանական: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների սկզբունքի հիման վրա։ Պաշտոնական արժույթը Դրամն է (AMD):
Հայաստանի անկախացումը տեղի է ունեցել 1991 թ․-ին և սեպտեմբերի 21-ը պաշտոնապես նշվում է որպես Անկախության տոն: